ՀԱԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության և խորհրդի նիստեր են գումարվել այսօր, որոնց ներկա էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խորհրդի նիստից հետո իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ դա ոչ թե բարեփոխում է, այլ ամբողջովին նոր Սահմանադրություն։ «Հին Սահմանադրությունը դնում է մի կողմ և բերում է նոր Սահմանադրություն, որը քանդում է պետության հիմքերը», - ասաց Հայաստանի առաջին նախագահը։
Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանադրական բարեփոխումներն «ավանտյուրա» որակելով՝ գովեց «Ոչ»-ի ճակատը համախմբած «Չեք անցկացնի» նախաձեռնությունը։ Նա նշեց, որ իր կարծիքով, սա լուրջ նախաձեռնություն է, այդ պատճառով էլ ՀԱԿ-ը միացել է «Ոչ»-ի ճակատին և պայքարելու է։ ՀԱԿ առաջնորդը բարձր գնահատեց Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության աշխատանքը։
Լևոն Տեր-Պետրոսյանը առանձին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցությանն ու նրա ղեկավար Ստեփան Դեմիրճյանին՝ նշելով, որ 2007 թվականից ի վեր ժողովրդական կուսակցությունը ՀԱԿ-ի «ամենապարկեշտ գործընկերներից է»։
Խոսելով Հայաստանի ինքնիշխանությունից և Հայաստանի առջև ծառացած խնդիրներից՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ «դասականի ասելով՝ այս պահին Հայաստանում գաղջ մթնոլորտ է»՝ հավելելով, որ «այդ գաղջ մթնոլորտը շուտով ցնդելու է»։ Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ում գրանցված պետություններից վերջին 70 տարվա ընթացքում ոչ մի պետություն ինքնիշխանությունը չի կորցրել, և ասաց, որ վստահ է՝ «Հայաստանը նույնպես ինքնիշխանությունը չի կորցնելու»։